Կառավարությունը չի կարողանում «Դոպինգ սփեյս»-ից հետ ստանալ Լոպեսի համերգից տնտեսված 1.3 մլն դոլարը
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունը չի կարողանում «Դոպինգ սփեյս» ընկերությունից հետ ստանալ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար հատկացված պետական բյուջեից տնտեսված ավելի քան 502 միլիոն դրամը (շուրջ 1.3 միլիոն դոլար):
Համերգի կազմակերպման նպատակով հատկացված 2.3 միլիարդ դրամից ընկերությունը փաստացի ծախսել է 1 միլիարդ 816 մլն դրամ , սակայն մնացած տնտեսված միջոցները ամիսներ շարունակ չի վերադարձնում պետությանը: Բացի այդ, չեն վճարվել հաշվետվությունների ուշացման համար նախատեսված 7.8 միլիոն դրամի տույժերն ու 24.3 միլիոն դրամի պայմանագրային վճարը։
Մինչ այդ ԿԳՄՍ նախարարությունը պայմանագրում կատարված փոփոխություններով հրաժարվել է բանկային երաշխիքից, ինչի պատճառով ընկերությունն ազատվել է համերգի հետաձգումների հետևանքով կուտակված միլիարդավոր դրամների տույժ-տուգանքներից: Ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախապես հաստատված նախահաշվում եղել են շուրջ 22 տոկոսի հասնող չհիմնավորված ու չափազանցված ծախսեր, որոնք այդպես էլ չեն օգտագործվել:
Հատկանշական է, որ «Դոպինգ սփեյս» ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին։ Դրա սկզբնական բաժնետերը եղել է «ՄԱՊ» ընկերության հիմնադիր, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը, որոնք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Հիմնադրումից հինգ ամիս անց Պետրոսյանը ընկերության 100 տոկոս բաժնեմասը փոխանցել է Հայկ Սիմոնյանին։
Չնայած չվերադարձված գումարներին և ծագած ֆինանսական խնդիրներին՝ կառավարությունը շարունակում է համագործակցել նույն ընկերության հետ: Շրջակա միջավայրի նախարարությունը մեկ անձից գնման ընթացակարգով «Դոպինգ սփեյս»-ի հետ կնքել է նոր՝ շուրջ 8.9 միլիոն դոլարի (3.5 միլիարդ դրամ) պայմանագիր՝ COP 17 միջոցառման կազմակերպման համար, որտեղ դարձյալ գումարի 90 տոկոսը տրամադրվելու է նախապես: Հունիսի 30-ին նախարարությունը դիմել է ընկերությանը՝ տնտեսված գումարի, տուգանքի ու միանվագ վճարման ենթակա գումարի վերադարձի համար (ընդհանուր՝ 534 մլն դրամ)։ Մոտ 1.5 ամիս անց «Դոպինգ սփեյս»-ը առարկություններ է ներկայացրել իր այդ պարտավորության վերաբերյալ, որը նախարարությունը քննարկում է։ Փաստացի, եթե նախարարությունը հրաժարված չլիներ բանկային երաշխիքից, կարող էր դրանից գանձել այս գումարները, իսկ այժմ այս գումարները վերադարձնելու տարբերակներից մեկը դատական ճանապարհն է։
Աղբյուրը՝ «Ազատություն» ռադիոկայան