«Քարե» Չարենց․ մեծ բանաստեղծի կերպարը հայ կերպարվեստում՝ որպես նյութականացված հիշողություն
Եղիշե Չարենցի տուն-թանգարանում գործում է ««Քարե» Չարենց» ժամանակավոր ցուցադրությունը, որը նվիրված է հայ մեծ պոետի կերպարային մարմնավորումներին հայ կերպարվեստում։
Արվեստի համաշխարհային օրվա առթիվ բացված այս ցուցադրության նպատակն է Չարենցի կերպարը ներկայացնել ոչ միայն որպես ստեղծագործական ներշնչանք, այլև որպես նյութականացված հիշողություն, որը տարբեր դարաշրջաններում ստացել է ինքնատիպ գեղարվեստական դրսևորումներ։
Ցուցադրությունում ընդգրկված են թանգարանի հարուստ հավաքածուի տարբեր տարիների աշխատանքներ՝ նուրբ գծանկարներից մինչև ծավալուն քանդակներ։ Հայ դասական և ժամանակակից վարպետների կերտած գործերում Չարենցը հայտնվում է իր բազմաշերտ էությամբ՝ խոհուն ու խորհրդավոր, պայթյունավառ ու փոթորկոտ, լուռ կամ ընդվզող։
Ցուցադրված են այնպիսի անվանի արվեստագետների ստեղծագործություններ, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը, Հակոբ Կոջոյանը, Աղավնի Մեսրոպյանը, Հրաչյա Ռուխկյանը, Արա Բեքարյանը, Միքայել Արուտչյանը, Ռեգինա Ղազարյանը և այլք։
Առանձնահատուկ ուժգնությամբ է ընկալվում «քարե» Չարենցը Գետիկ Բաղդասարյանի, Արա Սարգսյանի և Կամո Սարիկյանի քանդակներում, որտեղ մեծ բանաստեղծի կերպարը ձեռք է բերում հաստատուն, շոշափելի ու հավերժական ներկայություն։
««Քարե» Չարենց» ցուցադրությունն այցելուներին հնարավորություն է տալիս բացահայտելու մեծ պոետի գեղարվեստական վերակերպավորումների հարուստ ներկապնակը և տեսնելու, թե ինչպես է չարենցյան հիշողությունը տարբեր սերունդների արվեստագետների աչքերով վերածվել տեսանելի ու անժամանակ արժեքի։
Ցուցադրությունը գործելու է մինչև սեպտեմբեր։