Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը ժողովրդի մեջ առավել հայտնի է որպես Խաղողօրհնեք։
Սա Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Աստվածամորը նվիրված տոներից ամենահինն ու նվիրականը:
Ավանդության համաձայն՝ Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո Սուրբ Կույսը շուրջ 12 տարի ապրել է Երուսաղեմում՝ Սուրբ Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Մի օր նրան է հայտնվում Գաբրիել հրեշտակապետը և ավետում երկրից երկինք նրա վերափոխման մասին՝ ասելով. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»:
Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, հավատացյալներին ու առաքյալներին՝ պատվիրելով իր մարմինը թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա նա Սուրբ Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի վերջին անգամ հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Սուրբ Հովհաննեսը, Հիսուսի մոր և նրա ընկերակից կանանց հետ բարձրանալով Վերնատուն, կատարում է Պատարագի սուրբ խորհուրդը:
Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Սուրբ Հովհաննեսին են միանում սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից: Այդ ընթացքում Սուրբ Հովհաննես Ավետարանչի նախաձեռնությամբ կիպարիսի փայտի վրա կերպաձևվում է Սուրբ Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա առաքյալների մոտ: Առաքյալների խնդրանքով Ամենօրհնյալ Սրբուհին վերցնում է փայտեղեն պատկերը, խաչակնքելով օրհնում այն և դնում իր աստվածատիպ դեմքին՝ խնդրելով Տիրոջը, որ այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի:
Երբ Սուրբ Կույսը ննջում է, նրա հոգին խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մարմնից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով ու սաղմոսերգությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի, որտեղ ամփոփում են նրա օրհնյալ մարմինը և պահպանում երեք օր: Այդ ընթացքում անդադար լսվում էին հրեշտակների քաղցրաձայն երգերը: Երեք օր անց Տերն Իր լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Սուրբ Կույսի գերեզմանին և առանց կնիքը խախտելու՝ վերցնում է նրա աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:
Վերափոխման տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության հատուկ կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է հենց խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթատունկն ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց ու պատվեց՝ Իրեն անվանելով «ճշմարիտ որթատունկ» (Հովհ. 15:1): Միածին Որդին Վերնատանը Վերջին ընթրիքի ժամանակ խաղողի հյութը՝ գինին, դարձրեց Իր փրկարար Արյան նյութը՝ օրհնելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28), որով մարդկությունը ազատագրվեց մեղքերի ծառայությունից ու մահից: