Տավուշում այսօր Վարդավառ է, կամ ինչպես տեղացիներն են ասում՝ «Վրթիվեր» Երևանն ու Թեհրանը քննարկել են Արաքսի գետի վրա երկրորդ կամրջի կառուցման հարցը Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Վրաստանում 3․2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» խմբ. ղեկավա՞ր 1 միլիարդ դրամ գրավ և վարչական հսկողություն՝ Դավիթ Ղազինյանի համար Ռուսական արգելքը՝ հայկական կաթնամթերքի դեմ․ հարված 17 մլն դոլարանոց արտահանմանը
Տավուշում այսօր Վարդավառ է, կամ ինչպես տեղացիներն են ասում՝ «Վրթիվեր»

Տավուշում այսօր Վարդավառ է, կամ ինչպես տեղացիներն են ասում՝ «Վրթիվեր»

  • 30

Տավուշի մարզը առանձնանում է Վարդավառի տոնի անցկացման և տոնակատարությունների կազմակերպման իր յուրահատուկ ավանդույթով, որը դարերով պահպանվել է ամբողջ մարզում՝ Դիլիջանից Իջևան, Բերդ և Նոյեմբերյան։ Տոնն ընկալվում է որպես առիթ՝ վերադառնալու հայրական օջախ, հիշելու նախնիներին ու վերարժևորելու ընտանեկան կապերը։

Ինչո՞ւ են Տավուշում Վարդավառն ուշ նշում

Չնայած Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցում Վարդավառը նշվում է Սուրբ Զատկից 98 օր հետո, Տավուշի մարզի բնակավայրերում՝ հատկապես Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի շրջաններում, ձևավորվել է ժողովրդական մի այլընտրանքային ավանդույթ՝ այն նշել հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը (կամ հուլիսի վերջին կիրակի օրը)։

Սա ունի իր պատմական ու ժողովրդական պատճառները․
  • Դաշտային աշխատանքների ավարտ․ Դեռ 20-րդ դարի սկզբին տոնը կապված է եղել դաշտային աշխատանքների հետ։ Երբ հացահատիկի հունձն ավարտվում էր, համայնքի բնակիչները հավաքվում էին և կազմակերպում հյուրընկալ տոնական սեղան՝ ի պատիվ աշխատավորների։
  •  Բացառիկ ամսաթվերով գյուղեր․ Կան բացառություն կազմող գյուղական բնակավայրեր, որոնք ունեն տոնը նշելու իրենց ամսաթիվը (օրինակ՝ Ոսկեպար, Կիրանց, Չինարի, Մովսես)։
  • Պատմական դրվագ խորհրդային տարիներից․ Խորհրդային կարգերի ժամանակ արգելված էր բացահայտ կերպով տոնել կրոնական ենթատեքստ ունեցող տոները, սակայն Վարդավառը պահպանվել է ժողովրդի հիշողության մեջ։ Ռադիոն նույնիսկ փորձում էր տոնը վերաիմաստավորել ու աշխարհիկացնել՝ հայտարարելով, թե այն կապ ունի Վարդան Մամիկոնյանի հետ, ով իբր այդ օրերին զորքով անցել է Տավուշով և աղբյուրներ է կառուցել։

Ի՞նչ է նշանակում «Վրթիվեր»

Տավուշի մարզում Վարդավառի տոնը հայտնի է «Վրթիվեր» անվամբ, որը տեղական բարբառով արտահայտումն է։
  •  Ծագումը․ «Վրթիվերը» նախնիներից է հասել մեր օրեր՝ որպես սերնդեսերունդ փոխանցվող ծիսակարգ։
  •  Կապը ծաղկի հետ․ Տարածված կարծիք է եղել, ըստ որի, տոնի անվանումը կապվում է «վարդ» ծաղիկի հետ։
Ինչպե՞ս են նշում տոնը, ինչ են պատրաստում ու խաղում

Տավուշցիների շրջանում տարածված է եղել հումորային մի խոսք․ «Տարվա կեսն աշխատում են Նոր տարի անելու համար, մյուս կեսը՝ Վարդավառ»։ Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է եղել տոնին ամիսներով պատրաստվելը։

Սարեր գնալն ու մատաղի ծիսակատարությունը (Բերդում և մյուս բնակավայրերում)
  • Սարերում նշելը․ Տարիքով մեծերը հիշում են, թե ինչպես էին տարիներ առաջ Վարդավառը նշում սարերում՝ առատ բերք ու բարիքի պայմաններում։
  • Մատաղը․ Ընդունված է եղել գառ գնել, կամ ունեցած գառը հենց տոնի առավոտյան մորթել։ Բազմաթիվ ընտանիքներում մատաղն արվել է որևէ խնդրանքի կամ շնորհակալության նպատակով (երեխա է ծնվել, հիվանդն առողջացել է, անձը փորձանքից է փրկվել)։ Մատաղի ծիսակատարությունները հաճախ կատարվել են խաչքարերի, սրբախաչ ծառերի կամ աղբյուրների մոտ։
  • Հյուրընկալություն․ Հյուրընկալության նշան էր համարվում տան դարպասների ու դռների բացված լինելը։

Ի՞նչ են պատրաստում տոնական սեղանին

  •  Նազուկ (սալի, հասալի, փսալի, թերթերուկ)․ Տոնի օրն առավոտ ծեգին տան մեծը՝ տատը, սկսում էր գաթա թխել։ Պատրաստում էին նաև Վարդավառին հատուկ քաղցրավենիքը՝ նազուկը, որը տավուշյան բարբառում ունի մի քանի անվանում՝ սալի, հասալի, փսալի, թերթերուկ, նազուկ։ Ամբողջ գյուղով մեկ առավոտյան տարածվում էր թարմ նազուկի բույրը։
  • Գառան արյուն․ Հատուկ ուտեստ էր գառան արյունը, որն այսօր էլ տեղական յուրօրինակ ճաշատեսակ է։
  • Տան բարիքներ․ Տոնական սեղանը հիմնականում կազմված էր տնային պայմաններում պատրաստված կերակուրներից՝ սեփական այգուց հավաքված մրգերով ու բանջարեղենով։

 Ծեսեր, խաղեր և ջրոցի

  • Կենդանիներին զարդարելը․ Տավուշցիների հուշերում պահպանվել է, թե ինչպես էին այդ օրը զարդարում կենդանիներին՝ հատկապես կովերին։ Կովերի եղջյուրներին ծաղկեպսակներ էին դնում՝ հավատալով, որ այդպես նրանք չեն հիվանդանա և առատ կաթ ու միս կտան։
  • Ծաղկահավաք․ Փոքր երեխաներն ու աղջիկները հավաքում էին դաշտի ծաղիկները, մասնավորապես վարդավառյան «Նարգիզ» ծաղիկը, փնջում էին և դրանցով զարդարում իրենց, շրջապատն ու եկեղեցու խորանը։
  • Ավանդական խաղեր․ Տոնին խաղում էին շարժում, աղմուկ ու ծիծաղ պահանջող խմբային խաղեր՝ «Տփնուկ», «Յոթ քար»։
  •  Ջրոցին և օրհնանքները․ Տոնն ուղեկցվում էր ջրոցիով, որը ասոցացվում էր մաքրության, հոգսերից ազատվելու և նոր սկզբի հետ։ Ջրում էին բոլորին՝ մաղթելով․ «Ջրի նման մաքուր լինես», «Ջուրը բախտդ կբացի», «Ջրի նման երկար կյանք ունենաս»։ Սակայն հարգանքի նշան էր չջրել տարեց մարդկանց, եկեղեցուց դուրս եկողներին կամ սև հագուստով անցնողներին։
Տան ավագները տոնի առավոտյան ասում էին․ «Ով Վարդավառի օրը առաջինն արթնանա ու լվացվի Վարդավառի ջրով, նրա աչքերը միշտ առողջ կմնան»։ Այդ օրն ընդունված էր չնեղացնել, չվիճել ու վատ խոսք չասել՝ միմյանց մաղթելով բերք ու բարքի առատություն, առողջություն, խաղաղ երկինք ու ներդաշնակ աշխարհ։

Նախորդ հոդվածը
Երևանն ու Թեհրանը քննարկել են Արաքսի գետի վրա երկրորդ կամրջի կառուցման հարցը