Սգո և պահանջատիրության օր
2023թ․-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Արցախի վրա։
Հարձակմանը նախորդել էր 9 ամիս տևած հյուծիչ շրջափակումը։
Ադրբեջանի մեկնարկած լայնամասշտաբ ռազմական ագրեսիան ուղեկցվել է հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումներով․ հարձակման թիրախ էին դարձել ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև՝ խաղաղ բնակավայրերը։
Արցախի ողջ բնակչությունը՝ գրեթե 120 հազար մարդ, բռնի տեղահանման ենթարկվեց։ Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն՝ անչափահաս։
2023-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի պահին պաշտոնական Երևանը գործողությունների հասցեատեր նախ՝ ռուս խաղաղապահներին, ապա նաև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին էր համարում: Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր Հայաստանի որոշումը վարչապետ Փաշինյանը հենց ռազմական գործողությունների թեժ պահին հրապարակեց. «ՀՀ-ին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են, և մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ հասկանում ենք այս իրադրությունում էմոցիոնալ և բազմաթիվ այլ խնդիրներ, բայց մենք չպետք է հնարավորություն տանք, որ որոշ մարդիկ, որոշ ուժեր արտաքին, նաև ներքին ՀՀ պետականությունը դնեն հարվածի տակ»
2025 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված օրենքի համաձայն՝ սեպտեմբերի 19-ը այսուհետ կնշվի որպես Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի տեղահանության և պահանջատիրության օր։