44-օրյա պատերազմից անցել է 6 տարի
2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի դեմ։ Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։ Մարտերն ընթանում էին շփման գծի ողջ երկայնքով՝ հրետանու, հրթիռային համակարգերի և ԱԹՍ-ների ակտիվ կիրառմամբ։ Հարվածների տակ էին հայտնվել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ամենաթեժ մարտերը ծավալվեցին հարավային ուղղությամբ, Հադրութում, Մարտունիում, Մարտակերտում և Շուշիում։ Հոկտեմբեր-նոյեմբերին հակառակորդը հասավ Շուշիի մատույցներ, որի համար մղված մարտերը դարձան վճռորոշ։ 44-օրյա պատերազմը կանգ առավ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ ռազմական գործողությունները դադարեցվեցին․ կողմերը մնացին իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։ Հայկական կողմը կրեց ծանր տարածքային կորուստներ․ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Շուշին, Հադրութը և պատերազմի ընթացքում գրավված այլ տարածքներ, իսկ եռակողմ հայտարարությամբ փոխանցվեցին նաև Ակնան, Քարվաճառն ու Բերձորը։ Պատերազմի ամենածանր ողբերգությունը մարդկային կորուստներն էին։ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով (2026 թ. սեպտեմբերի 8-ի դրությամբ)՝ զոհվել է 3833 մարդ (3755 զինծառայող և 78 քաղաքացիական անձ)։ 191 մարդու գտնվելու վայրը (172 զինծառայող, 19 քաղաքացիական) մինչ օրս անհայտ է։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է մոտ 5000-ի։ Զոհվածների մարմինների որոնման, նույնականացման և անհետ կորածների ճակատագրերի պարզման գործընթացը դեռ ավարտված չէ։ 44 օրերը արմատապես փոխեցին հազարավոր ընտանիքների ճակատագրերը, Հայաստանի ու Արցախի անվտանգային միջավայրը և տարածաշրջանի ապագան։ Սեպտեմբերի 27-ը 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի օրն է։