Ջերմային ալիքները դուրս են գալիս սովորական սեզոնային սահմաններից․ Nature Climate Change-ի նոր հետազոտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել Տիգրանաշենը հայկական է.Հայաստանում հարցվածների մեծամասնության կարծիքն է Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներ Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբ Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Զինծառայող է մահացել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Ջերմային ալիքները դուրս են գալիս սովորական սեզոնային սահմաններից․ Nature Climate Change-ի նոր հետազոտությունը

Ջերմային ալիքները դուրս են գալիս սովորական սեզոնային սահմաններից․ Nature Climate Change-ի նոր հետազոտությունը

  • 15

Մենք սովոր ենք շոգը չափել աստիճաններով՝ որքան է եղել ջերմաստիճանը ստվերում, քանի օր է պահպանվել +40 °C-ը, և արդյոք գերազանցվել է հերթական ռեկորդը։

Սակայն Nature Climate Change ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս մեկ այլ փոփոխություն, որը առօրյա կյանքում կարող է ոչ պակաս կարևոր լինել․ շոգն աստիճանաբար դուրս է գալիս իր սովորական սեզոնային սահմաններից։

Չինաստանի գիտությունների ակադեմիայի հետազոտողները վերլուծել են 1979–2023 թվականների գլոբալ կլիմայական տվյալները՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն ջերմաստիճանին, այլև ժամանակային բաշխմանը․ տարվա ընթացքում ե՞րբ է սկսվում առաջին ջերմային ալիքը, ե՞րբ է ավարտվում վերջինը, և որքա՞ն արագ է առաջին ալիքը հասնում իր առավելագույն ուժգնությանը։ Արդյունքները ստուգվել են կլիմայական տվյալների մի քանի անկախ շտեմարաններով։

Այդ 45 տարիների ընթացքում առաջին ջերմային ալիքը միջին հաշվով սկսել է դիտվել մոտ երկու շաբաթ ավելի վաղ, իսկ վերջինը՝ ավարտվել մոտ 24 օր ավելի ուշ։ Արդյունքում՝ ջերմային ալիքների հնարավոր ժամանակահատվածն ընդլայնվել է շուրջ 39 օրով։

Փոփոխության տեմպերն այսպիսին են․ յուրաքանչյուր տասնամյակում առաջին ջերմային ալիքի սկիզբը միջին հաշվով տեղափոխվում է 3,29 օր ավելի վաղ, վերջինի ավարտը՝ 5,41 օր ավելի ուշ, իսկ ամբողջ սեզոնը երկարում է 8,71 օրով։ Հետազոտողները սեզոնի երկարացման միտում են հայտնաբերել ցամաքի 92,1%-ում․ այն հատկապես արտահայտված է չորային շրջաններում։

Սակայն հետազոտության ամենաուշագրավ մասը վերաբերում է նրան, թե ինչպես է այժմ սկսվում շոգը։ Հեղինակները տարվա առաջին ջերմային ալիքները բաժանել են դանդաղ, չափավոր և արագ զարգացողների՝ ըստ այն բանի, թե ալիքի ընթացքում ջերմաստիճանը որքան արագ է հասնում առավելագույնին։ Պարզվել է, որ XXI դարի սկզբից արագ զարգացող առաջին ջերմային ալիքների մասնաբաժինը նկատելիորեն աճում է։

Սա կարևոր է թե՛ մարդու օրգանիզմի, թե՛ քաղաքների համար։ Մի բան է, երբ ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է՝ +25-ից հասնելով +28, +31, ապա +35 °C-ի, և մարդիկ, էներգետիկ համակարգը, հիվանդանոցներն ու կոմունալ ծառայությունները հարմարվելու համար մի քանի օր ունեն։ Այլ բան է, երբ գարնանը համեմատաբար սովորական եղանակին գրեթե անմիջապես հաջորդում է ծայրահեղ շոգը։

Այսպիսով՝ փոխվում է ոչ միայն «ամառը»․ ավելի անկանխատեսելի է դառնում նաև անցումը դեպի ամառային շոգերը։ Սա ունի նաև գործնական նշանակություն։ Շոգի մասին վաղ նախազգուշացման համակարգերը սովորաբար հիմնվում են առաջին հերթին ջերմաստիճանի և երևույթի տևողության վրա։ Հեղինակների կարծիքով՝ անհրաժեշտ է ավելացնել ևս երկու ցուցանիշ՝ որքան վաղ է սկսվել առաջին ջերմային ալիքը և որքան արագ է այն զարգանում։

Եվրոպայի համար սա հատկապես ուշագրավ է։ Բարձր խոնավությամբ ուղեկցվող շոգին նվիրված ավելի վաղ հետազոտություններն արդեն իսկ արձանագրել էին սեզոնի զգալի տեղաշարժ Միջերկրածովյան տարածաշրջանում, Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում։ Միջերկրածովյան տարածաշրջանում դիտարկումները ցույց են տվել, որ խոնավ ջերմային ալիքների սկիզբը յուրաքանչյուր տասնամյակում տեղափոխվել է ավելի քան տասը օր ավելի վաղ։

Սա նաև օգնում է հասկանալ վերջին տարիներին ձևավորված այն զգացողությունը, երբ մայիսին +30 °C-ը կամ սեպտեմբերի վերջին դիտվող շոգն ընկալվում են որպես արտասովոր բացառություն։ Առանձին նման դրվագը դեռ ոչինչ չի ապացուցում։ Սակայն գլոբալ վիճակագրությունը ցույց է տալիս՝ ծայրահեղ շոգերի օրացուցային սահմաններն իսկապես ընդլայնվում են։

Գյուղատնտեսության համար սա նշանակում է ջերմային սթրեսի և խոնավության գոլորշիացման ավելի երկար ժամանակահատված։ Քաղաքների համար՝ օդորակիչների օգտագործման ավելի երկար սեզոն և էլեկտրացանցերի ավելի տևական ծանրաբեռնվածություն։ Հրշեջ ծառայությունների համար՝ հրդեհավտանգ չոր եղանակի ժամանակահատվածի հնարավոր ընդլայնում։ Իսկ մարդու համար՝ անհրաժեշտություն վերանայելու այն պատկերացումը, թե «մինչև հունիս շոգը դեռ չի սկսվել», կամ սեպտեմբերին այն արդեն անպայման ավարտվել է։

Նյութը՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան էջից:

Նախորդ հոդվածը
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել
Հաջորդ հոդվածը
Բջնի ամրոցի պարիսպների մոտ նոր գաղտնուղի է հայտնաբերվել