«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը՝ Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ պատմամշակութային կոթողների պահպանմանն և վերականգնմանն ուղղված ծավալուն աշխատանքներ են իրականացվել ։«Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում մարզային ծառայության աշխատակիցները փրկել վերականգնել և իրենց պատվանդաններին են վերադարձրել մի շարք խոնարհված և վնասված պատմական կոթողներ։
Լոռու մարզում Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի Սբ․ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրում մասնագետները ուղղել և միավորել են եկեղեցու խորանի մոտ ընկած կոտրված խաչքարը:
Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր վարչական տարածքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու՝ գերեզմանոցի պահպանական գոտում, աշխատակիցները իրականացրել են բարդ վերականգնման աշխատանքներ. տեխնիկայի միջոցով զգուշությամբ հողից հանել, ուղղել և պատվանդանին են տեղադրել գետնին ընկած, երկու մասի բաժանված խաչքարը՝ վերականգնելով նախկին ամբողջական տեսքը:
Վայոց Ձորի մարզում՝ Վայք համայնքի Հերհեր բնակավայրի «Գուտենի» տեղանքում ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները կատարել են ընկած և կիսագետնաթաղ խաչքարերի կանգնեցման աշխատանքներ՝ դրանք զերծ պահելով հետագա վնասումից:
Արարատի մարզում՝ Խոսրովի պետական անտառի տարածքում գտնվող «Գյոլասոր» գյուղատեղիի գերեզմանոցում, ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները հողային շերտից մաքրել, ուղղել և ամրակայել են տեղում հաշվառված 4 խաչքարերը: