Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Վերադարձ լինելո՞ւ է Բաքվի քարոզչությանը միացել է աղվանա-ուդաիական համայնքը Հայաստանը մտադիր է համալրել օդուժը Հեծանիվով զբոսանք՝ Արցախի վրա հարձակման օրը Սգո և պահանջատիրության օր Ակնկալում ենք, որ հայկական ապրանքների արտոնությունները շուտով կյանքի կկոչվեն․ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս Իմ օդանավն է, ձեռքներդ հեռու պահեք. Փաշինյանի գրառումը
Չարենցյան հիշողությունը՝ Նյու Յորքից Երևան

Չարենցյան հիշողությունը՝ Նյու Յորքից Երևան

  • 70

Օգոստոսի 27-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության անդամ Արևիկ Գաբրիելյանը (Նյու Յորք), Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, Համազգայինի վաստակաշատ անդամ Տիգրան Ջինբաշյանը (Լիբանան) և Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը այցելեցին Երևանում գործող Եղիշե Չարենցի տուն-թանգարան։



Այցը խորհրդանշական էր հատկապես նրանով, որ այն տեղի ունեցավ մեծանուն բանաստեղծի ծննդյան 130-ամյակին ընդառաջ և իր հետ բերեց ոչ միայն անցյալի հիշողություն, այլև մշակութային ժառանգության պահպանման ու փոխանցման կարևոր խորհուրդ։
Արևիկ Գաբրիելյանն իր ընտանիքի անունից թանգարանին նվիրեց 1997 թվականի սեպտեմբերի 7-8-ը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում կայացած «Եղիշե Չարենցը և խորհրդահայ պոեզիան» խորագրով գիտաժողովի ազդագիրը։


Գիտաժողովը, որին մասնակցել էին ժամանակի երևելի մտավորականներ և չարենցագիտության ու խորհրդահայ պոեզիայի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներ, կարևոր հարթակ էր Չարենցի ստեղծագործության, նրա գրական ժառանգության և խորհրդահայ պոեզիայի զարգացման տարբեր հարցերի քննարկման համար։
Գիտաժողովի զեկուցաբերներից մեկն էլ Եղիշե Չարենցի դուստրն էր՝ գրականագետ Անահիտ Չարենցը։
Նյու Յորքում պահպանված այդ փոքրիկ, սակայն պատմական արժեք ունեցող փաստաթուղթն այսօր իր հանգրվանը գտավ՝ դառնալով թանգարանի հավաքածուի մի կարևոր մասնիկը։
Նվերը հանձնելիս Արևիկ Գաբրիելյանը խոսեց Չարենցի՝ ժամանակ ու տարածություն հաղթահարող ներկայության մասին՝ ընդգծելով, որ գրողի ժառանգությունը միայն անցյալի հիշողություն չէ, այլ կենդանի մշակութային կապ, որը սերունդներին շարունակում է միավորել Հայաստանից մինչև Սփյուռք։ Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ ընտանիքում պահպանված այս նմուշն այժմ վերադառնում է իր բնական միջավայր՝ Չարենցի տուն-թանգարան՝ հասանելի դառնալով հետազոտողներին, այցելուներին և ապագա սերունդներին։
Թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը շնորհակալություն հայտնեց նվիրատվության համար՝ կարևորելով հատկապես այն փաստը, որ Չարենցի կյանքի և ստեղծագործության հետ առնչվող նմանատիպ նյութերը շարունակում են իրենց ճանապարհը դեպի տուն-թանգարան։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր նման նվիրատվություն լրացնում է թանգարանի հավաքածուն ոչ միայն որպես փաստական նյութ, այլև որպես ժամանակի ու մարդկանց միջև ստեղծված կենդանի կապի վկայություն։
Այցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Համազգայինի՝ հայ գրականության, մշակույթի և ազգային հիշողության պահպանմանն ու տարածմանը միտված գործունեությանը։



Հանդիպմանը Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը թանգարանի գրադարանին նվիրեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակի կողմից հրատարակված գրքերից՝ համալրելով թանգարանի գրական ֆոնդը և ևս մեկ անգամ ընդգծելով Համազգայինի ու հայ մշակութային կարևոր օջախների միջև համագործակցության արժեքը։


Չարենցի տուն-թանգարան կատարած այս այցելությունը դարձավ յուրօրինակ կամուրջ՝ Նյու Յորքից Երևան, հիշողությունից՝ ներկա, իսկ անցյալից՝ ապագա։
Մեծ գրողի 130-ամյակին ընդառաջ այս նվիրատվությունն իր փոքրիկ, բայց նշանակալի պատմությունն է ավելացնում Չարենցի մեծ պատմությանը։

Նախորդ հոդվածը
ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանի առևտրային աջակցության ծրագրերին
Հաջորդ հոդվածը
Հայաստանի հետ առևտրատնտեսական կապեր են սկսվել.Ալիևի հատուկ ներկայացուցիչ՝ Էլչին Ամիրբեկով