Մեր պատմության այս օրը | 21.09.1991թ.
Ուղիղ 35 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն։
Հայաստանի անկախ պետականության վերականգնման գործընթացը պաշտոնապես սկսվել էր դեռևս 1990 թվականի օգոստոսի 23-ին, երբ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը՝ հայտարարելով անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Հռչակագիրը Հայաստանի Հանրապետությունը սահմանում էր որպես ինքնիշխան պետություն և նախատեսում էր սեփական զինված ուժերի, պետական կառավարման ու անվտանգության համակարգերի ստեղծում։
1991 թվականի մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշեց հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-ին անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետություն դառնալու հարցով։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեին մասնակցեց 2,056,758 քաղաքացի։ Նրանցից 2,042,627-ը՝ 94,39 տոկոսը, քվեարկեց անկախության օգտին, իսկ «Ոչ» քվեների թիվը կազմեց 10,002։

Հանրաքվեի արդյունքներն ամփոփեցին անկախության իրավաքաղաքական գործընթացը։ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքները և հավատարիմ մնալով Անկախության հռչակագրին, ընդունեց «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման մասին» որոշումը՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակելով անկախ պետություն։
Այսպիսով, 1990 թվականի օգոստոսի 23-ի Հռչակագիրը, 1991 թվականի սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեն և սեպտեմբերի 23-ի Գերագույն խորհրդի որոշումը կազմեցին Հայաստանի անկախ պետականության վերականգնման իրավաքաղաքական գործընթացի առանցքային հանգրվանները։
Սեպտեմբերի 21-ը դարձավ ոչ միայն պատմական իրադարձության տարեդարձ, այլև այն օրվա խորհրդանիշը, երբ Հայաստանի ժողովրդի կամքը հանրաքվեի միջոցով ստացավ պետական որոշման ձև։
Նյութը՝ Գոյամարտի ֆեյսբուքյան էջից․ https://www.facebook.com/share/p/19NSG3oKZK/
Նյութը՝ Գոյամարտի ֆեյսբուքյան էջից․ https://www.facebook.com/share/p/19NSG3oKZK/