Մեկ ձայնով ՔՊ-ն պարտվեց Եղեգնաձորում
Հայտնի է՝ ով կլինի նոր համայնքապետը
Եղեգնաձոր համայնքում, այսօր՝ նոյեմբերի 11–ին, նորընտիր ավագանու անդրանիկ նիստն է, որի օրակարգում համայնքի ղեկավարի ընտրության հարցն է։
Նորընտիր ավագանին 14 կողմ ձայներով համայնքապետ ընտրեց «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Դավիթ Հարությունյանին։ ՔՊ–ի թեկնածու Հուսիկ Սահակյանն ստացավ 13 ձայն։
ՔՊ–ն քվեարկության կեսից բոյկոտեց և հեռացավ նիստերի դահլիճից։
Նշենք, որ Եղեգնաձորում հոկտեմբերի 25–ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Եղեգնաձորի նոր ավագանիում 27 մանդատից 13–ը բաժին է հասել ՔՊ–ին, 13–ը՝ «Հանրապետություն» կուսակցությանը և 1 մանդատ ստացել է «Նոր դարաշրջանը», որը «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս է կազմում։
Սա նշանակում է, որ Եղեգնաձորում համայնքի ղեկավար դառնալու համար թե ՔՊ–ին, թե «Հանրապետությանը» պակասում է մեկ մանդատ, և այդ մեկ մանդատը «Նոր դարաշրջանի» ձեռքին է։ «Նոր դարաշրջանի» ավագանու անդամ Մարտին Հարությունյանը որոշեց, որ քվեարկելու է Դավիթ Հարությունյանի օգտին։
Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանը նախկին ԲՀԿ–ական է։