ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը չի կարող անձամբ երաշխավորել, որ Ամուլսարի հանքի շահագործումը բնապահպանական վտանգ չի ներկայացնի Սևանա լճի և Ջերմուկի համար։ Նա այդ մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հանքի շահագործման հնարավոր հետևանքների վերաբերյալ հարցին։
«Ես չեմ կարող երաշխավորել, մասնագետներն են դա երաշխավորել կատարած հետազոտությամբ»,– ասաց նախարարը։
Լրագրողները Պապոյանի ուշադրությունը հրավիրեցին բնապահպանների, անկախ մասնագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մտահոգությունների վրա։ Հիշեցրին, որ նրանք դիմել են նաև COP17-ի մասնակից երկրներին ու պատվիրակություններին՝ Ամուլսարի հանքի շահագործումը որակելով Հայաստանի համար աղետաբեր ծրագիր, որը, ըստ նրանց, հակասում է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային և խոչընդոտում Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրով սահմանված նպատակների իրականացումը։
Պապոյանը, սակայն, պնդեց, որ պատասխանատու հանքարդյունաբերությունը անհրաժեշտ է Հայաստանի տնտեսությանը։
«Աշխարհում չկա հանք, որ շրջակա միջավայրի վրա չի ազդում։ Դա սուտ է, եթե ասենք, որ կա հանք, որը շրջակա միջավայրի վրա չի ազդում»,– նշեց նա։
Նախարարի խոսքով՝ Ամուլսարի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը շատ փոքր է, իսկ նախկինում բարձրաձայնված մի շարք մտահոգություններ հետազոտություններով չեն հաստատվել։ Որպես հիմնավորում նա հիշատակեց 2019 թվականին «Earth Link & Advanced Resources Development» (ELARD) ընկերության իրականացրած ուսումնասիրությունը։ Պապոյանը շեշտեց, որ Ամուլսարի հանքն արդեն շահագործվում է, ունի արտադրանք և արտահանում է իրականացնում։
«1600 աշխատող է այնտեղ աշխատում, լրացուցիչ անուղղակի մինչև 4000 աշխատատեղ է, որը հանքի գործունեության արդյունքում է ստեղծվել: Հանքը եկող տարի, այս գների պահպանման դեպքում, եթե իհարկե ոսկին չթանկանա, որովհետև տենդենցը թանկանալու է, մինչև 130 միլիոն դոլար հարկ է վճարելու պետական բյուջե, եթե թանկանա ոսկին՝ ավելի շատ հարկ կվճարի։ Հանքի ազդեցությունը Հայաստանի ՀՆԱ-ի վրա կկազմի 1,5–2 տոկոս։ Մեր տնտեսությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Ամուլսարի, անհնար է պատկերացնել առանց ԶՊՄԿ-ի և անհնար է պատկերացնել առանց այդպիսի խոշոր հանքարդյունաբերական գիգանտների»,– շեշտեց Պապոյանը։
Պապոյանը նշեց` հանքը շարունակելու է գործել, և կառավարությունն ունի հանքարդյունաբերության զարգացման երկարաժամկետ ծրագրեր։ Դիտարկմանը, որ հանքարդյունաբերությունից ակնկալվող ֆինանսական եկամուտները չեն կարող առաջնային լինել բնապահպանական հնարավոր վնասների և ապագա սերունդների անվտանգության նկատմամբ, նախարարը հակադարձեց լավատեսական կանխատեսումներով։