Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
National Geographic պարբերականը Հայաստանն ընդգրկել է 2027 թվականի աշխարհի լավագույն ճամփորդական ուղղությունների շարքում։
Պարբերականն առանձնացրել է Հայաստանի լեռնային բնությունը, պատմական վանքերը և քայլարշավային զբոսաշրջության հնարավորությունները՝ հատկապես Տրանսկովկասյան արահետը։ Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․ «Հայաստանը՝ աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում: Հեղինակավոր National Geographic պարբերականն իր «2027 թվականի աշխարհի լավագույն ճամփորդական ուղղությունները» հոդվածում անդրադարձել է Հայաստանին։ Հոդվածն ընդգծում է Հայաստանի բնության և լեռնային լանդշաֆտների գրավչությունը, ինչպես նաև Տրանսկովկասյան արահետը, որը հնարավորություն է տալիս բացահայտել երկրի հեռավոր անկյունները, պատմական վանքերն ու գյուղական համայնքները։ Անդրադարձ է կատարվում նաև արահետային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներին և Հայկական ազգային արահետի զարգացմանը։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդրադարձը նպաստում է Հայաստանի, որպես բնության, արկածային զբոսաշրջության և քայլարշավների գրավիչ ուղղության ճանաչելիության բարձրացմանը»։