Ընդդիմությունը կո՞ղմ է, թ՞ե դեմ արցախցիների բնակապահովման ծրագրին
Նախագիծը ընդունվել է 66 կողմ, 0 դեմ, 21 ձեռնպահ ձայներով
Ազգային ժողովը 66 կողմ, 0 դեմ, 21 ձեռնպահ ձայներով ընդունեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը , որը վերաբերում է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրին:
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորման ծավալը 284,4 միլիոն դոլար է, որից 264,4 միլիոնը վարկային միջոցներ են. 240 մլն դոլարը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկային միջոցներն են, 24,4 մլն դոլարը՝ գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի դրամաշնորհը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, դիմելով հատկապես ԼՂ-ից տեղահանվածներին, հայտարարեց. «Ըստ էության, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, կողմ չքվեարկելով ՎԶԵԲ-ի համաձայնագրի վավերացմանը, որը միտված էր բնակապահովման խնդրին, փաստեց, որ իրենց քաղաքական ուժը դեմ է, որ մեր սիրելի տեղահանված քույրերն ու եղբայրները սեփական հայրենիքում՝ Հայաստանում, տուն ունենան»:
ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր հերթին հայտարարեց, որ քվեարկությունը վերաբերել է այնպիսի իրավիճակի և այնպիսի հիմնավորումներով ֆինանսական հաշվետվությունների պատճառաբանվածության ցածր աստիճանի պայմաններին, որ ձեռնպահ են քվեարկել. «Սոցիալ-տնտեսական համալիր խնդիրները, որին բախված են մեր քույրերն ու եղբայրներն արդեն երեք տարուց ավելի, միանշանակ պետք է լուծվեն և կլուծվեն»: