Չի կարող 1 վթարի պատճառով ողջ Մյասնիկյան պողոտան կանգնի. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում հանրային տրանսպորտի անխափան երթևեկությանն ու այդ ճանապարհին առկա խոչընդոտներին։
«Առավոտյան ժամերին մեր ավտոբուսները շարժվում են՝ A-ից B գնալու համար ինչ-որ ժամանակ ծախսելով, իսկ պիկ ժամերին այդ ժամանակը մինչև 70-80 տոկոս կարող է ավելանալ։ Սա խոսում է մի բանի մասին, որ հանրային տրանսպորտում մեր փորձարարական ավտոբուսային գծերը, իհարկե, տալիս են որոշակի էֆեկտ, բայց շատ կոնկրետ միջանցքների համար։ Հստակ է, որ ավտոբուսային գծերը մեր բոլոր հիմնական երթուղիներում պետք է լինեն, և պետք է ապահովենք մեր ավտոբուսների ու տրոլեյբուսների անխափան անցանելիությունն իրենց հիմնական երթուղիներով։ Սա չի նշանակում, որ ամբողջ քաղաքում բոլոր տեղերում լինելու են ավտոբուսային գծեր, բայց դա նշանակում է, որ հիմնական անցուղիներն ունենալու են առանձնացված ավտոբուսային գծեր, և դա նշանակում է, որ ավտոբուսներն ավելի քիչ ժամանակ են ծախսելու նույնիսկ պիկ ժամերին A-ից B անցնելու համար»,- ասել է նա։
Ըստ քաղաքապետի՝ «Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ մեր չափումները ցույց են տալիս՝ որևէ փողոցում երկրորդ գծում կայանված մեքենան առաջին ավտոմեքենային պատճառում է 4 վայրկյան վնաս, երկրորդին՝ 6 վայրկյան, և պիկ ժամին այդ շղթայական տրամաբանությամբ գնում, հասնում է հազարերորդ մեքենային։ Ու խոսքը մեկ մեքենայի մասին չէ, այլ՝ հետո մյուսն է գալիս, հետո առաքիչն է գալիս։ Ու այս տրամաբանությամբ, եթե 1000 մեքենան պետք է անցնեին 3 ժամում, անցնում են 4 ժամում։ Ուստի մենք պետք է մեր գործիքակազմը՝ տեսահսկող սարքերն օգտագործենք, որ այս տեսակի խախտումները պատժվեն»։
Նա խոսել է նաև երրորդ խնդրի մասին. «Դրանք ավտովթարներն են՝ 50-80 հազար դրամանոց․ իրար «կռիլո» քսած երկու մեքենան կարող է 2 կմ-անոց խցանում ստեղծել, որովհետև եթե 3 գծանոց Մյասնիկյան պողոտայում 2 գիծը իրենք փակում են, միջինացված 22 կմ/ժ-ը դառնում է 8 կմ/ժ, որովհետև վերադասավորումներ պետք է տեղի ունենան, և ահռելի խցանում է լինում»,- ասել է նա։
Ավինյանը հիշեցրել է, որ Երևանի ՏԻՄ օրենքով տուգանքներ են նախատեսված ավտովթարի դեպքում տարածքը 15 րոպե հետո չազատելու համար։
«Չի կարող 1 վթարի պատճառով ողջ Մյասնիկյան պողոտան կանգնի»,- ասել է նա։
Նա հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարել է առաջիկա 2 ամսում ամենաօպտիմալ մեթոդը գտնել՝ նման խախտումներն արձանագրելու համար։