Դատարանը կարճել է Մայր Աթոռի դեմ գործի վարույթը
Փաստաբան Արա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնել Արման Սարոյանի հայցով գործի ընթացքից
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Արման Սարոյանին՝ նախկինում Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով գործի վարույթը։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը
Արման Սարոյանը, մասնավորապես, պահանջել էր անվավեր ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։
Կաթողիկոսը Գևորգ Սարոյանին ազատել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից, սակայն դատարանը հետագայում պարտավորեցրել էր վերականգնել նրան այդ պաշտոնում։ Մայր Աթոռը, այնուամենայնիվ, չէր կատարել դատարանի որոշումը, իսկ ավելի ուշ հոգևորականին կարգալույծ էր արել՝ հայտարարելով, որ նման հարցերը դուրս են աշխարհիկ դատարանների իրավասության շրջանակից, և դրանց միջամտությունը խախտում է Եկեղեցու ինքնավարությունը։
Արա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ դատարանը վերացրել նաև նախկինում կիրառված հայցի հայցի ապահովման միջոցները, որոնցով սահմանափակված էին Մայր Աթոռի՝ Մասյացոտնի թեմի կառավարման վերաբերյալ որոշումների իրականացումը։
Հենց դատարանի նախկին որոշումը չկատարելու հանգամանքով պայմանավորված Ամենայն Հայոց Կաթողիկոսն և վեց եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար:
Դատարանն, ըստ փաստաբանի, հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առանցքային իրավական դիրքորոշումը՝ թեմակալ առաջնորդի նշանակումն ու պաշտոնից ազատումն Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացառիկ իրավասությունն է և կազմում է Եկեղեցու ինքնակառավարման ու ներքին կյանքի անբաժանելի մասը։
«Դատարանն արձանագրել է, որ այդ հարաբերությունները կարգավորվում են ներեկեղեցական կանոններով՝ կանոնական իրավունքով, իսկ տվյալ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության», - նշել է Զոհրաբյանը։